Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում ավարտին են մոտենում սեպտեմբերի 8–ին անցկացվելիք պատարագի նախապատրաստական աշխատանքները: Երկու շաբաթ անց կիրակի օրը եկեղեցում արդեն չորրորդ անգամ (2010-ից ի վեր) սուրբ պատարագ կմատուցվի, ինչպես նաև առաջին անգամ կիրականացվի կնունքի արարողություն: Ինչպես հաղորդում է «Ակօս»-ը, սպասվում է, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի ավելի շատ մարդիկ կայցելեն եկեղեցի և կմասնակցեն պատարագին:
Վանի մշակույթի և զբոսաշրջության նահանգային տնօրեն Մուզաֆեր Աքթուղը նշել է, որ Քրդական հարցում սկսված լուծման գործընթացը դրականորեն է ազդել զբոսաշրջության վրա: «Լուծման գործընթացը դրական ազդեցություն է գործել ինչպես շատ բնագավառներում, այնպես էլ զբոսաշրջության ոլորտի վրա: Նկատվում է տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թվի աճ: Անցած տարվա համեմատ, այս տարի պատարագի մասնակիցների ավելի մեծ թիվ ենք ակնկալում»,-նշել է Աքթուղը:
