Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանն ասաց, որ հասարակական անհնազանդությունն անցել է սոցիալական բունտի էտապ, ինչը իրեն ոգևորում է: Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ-ի անդամ Մանվել Բադեյանը հակադարձեց` ասելով, որ, եթե քաղաքացիական գործընթացներն օրենքը չեն խախտում, ապա մարդկանց իրավունքն է այդ ձևով իրենց բողոքն արտահայտելը, բայց եթե դրանք դառնում են ապօրինի, ինքը դեմ է դրանց, քանի որ դեմ է ցանկացած ապօրինության:
«Ցանկացած մարդ կարող է դիմել սահմանադրական դատարան և պաշտպանել իր իրավունքները, ոչ թե բունտ անել», – ասաց Մանվել Բադեյանը: Սա ծիծաղ առաջացրեց Անուշ Սեդրակյանի մոտ, ով պարզապես փորձեց հիշեցնել, թե որքան չակերտներ կան մեր «անկախ դատական համակարգ» ասվածի մեջ: «Ի վերջո` բունտ ասվածը միայն արյունալի հեղափոխությունը չէ: Օրինակ` եթե մարդիկ արտագաղթում են, դա ևս սոցիալական բունտի տեսակ է», – հիշեցրեց Անուշ Սեդրակյանը:
Tags: Ազատ դեմոկրատներ