Ադրբեջանում ամուսնացող անձինք պարտադիր բուժզննում կանցնեն

ամուսնությունԻնչպես հաղորդում է թուրքական «Haberler»-ը, վկայակոչելով «Trend»-ի փոխանցած լուրը, Ադրբեջանում սահմանվել են բժշկական զննման այն տեսակները, որոնք պարտադիր կերպով պետք է անցնեն այն անձինք, ովքեր պատրաստվում են ամուսնանալ: Այս մասին է հաղորդել ադրբեջանական մեջլիսի սոցիալական քաղաքականության հարցերով կոմիտեի ներկայացուցչի օգնական Մուսա Գուլիևը, որը միևնույն ժամանակ խորհրդարանի պատգամավոր է: Վերջինս նշել է, որ այս հարցը իր արտացոլումը կգտնի «Բնակչության առողջապահության մասին» օրինագծում:

Պատգամավոր Գուլիևը նշել է, որ ամուսնության գրանցման ժամանակ պետք է պահանջվի առողջական վիճակի մասին վկայող փաստաթուղթ: «Վերջին տարիներին ադրբեջանական մամուլն ու առողջապահության նախարարությունն  այս ուղղությամբ լուսավորչական աշխատանքներ են  տանում: Արդեն եկել է դրական արդյունքների հասնելու ժամանակը: Նման աշխատանքներ տարվում են բոլոր զարգացած պետություններում, և այս ոլորտում արդեն բավական լավ արդյունքներ են գրանցվել»,-ասել է Գուլիևը: