Ադրբեջանի ԿԸՀ-ն մերժել է Իբրահիմբեկովի թեկնածությունը

2Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 27-ի իր նիստում մերժել է որպես նախագահի թեկնածու գրանցել գրող և կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին, տեղեկացնում է ադրբեջանական “1նյուզ” կայքը:

Մերժման հիմք են հանդիսացել Իբրահիմբեկովի երկքաղաքացիությունը և այն, որ նա մշտապես չի բնակվել Ադրբեջանում: Իբրահիմբեկովը Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքացի է: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը, ԿԸՀ-ի հայցին ի պատասխան, հայտնել է, որ Իբրահիմբեկովը ունի Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն մտադիր է հրաժարվել դրանից:
Ռուստամ Իբրահիմբեկովն իր փաստաթղթերը ԿԸՀ-ին ներկայացրել էր  օգոստոսի 22-ին:

Կինոդրամատուրգը առաջադրվել էր որպես ընդդիմադիր ուժերը միավորող Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդից միասնական թեկնածու: Ենթադրելով, որ Իբրահիմբեկովի թեկնածությունը կարող էր մերժվել, խորհուրդը դեռևս օգոստոսի 23-ին առաջադրել է մեկ այլ միասնական թեկնածուին՝ Ջամիլ Հասանլիին: Վերջինիս փաստաթղթերն արդեն ներկայացվել են ԿԸՀ:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան 2013թ. հոկտեմբերի 9-ին:

 

Tags: