2005 թվականին Գերմանիայում տարբեր երկրներից եկած մի խումբ լրագրողներև վերլուծաբաններ հավաքվում և ձևավորում են ժողովրդավարության և մամուլի ազատության ոլորտում աշխատող «M100 Sanssouci Colloquium» կազմակերպությունը, որն ամեն տարի մեդիա մրցանակ է շնորհում այն մարդկանց, որոնք անձնապես «հետք են թողել Եվրոպայում և աշխարհում»:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը», վկայակոչելով «BBC»-ի փոխանցած տեղեկությունը, այս տարի վերոնշյալ մրցանակը տրվելու է «Գեզի» այգու համար պայքարի ժամանակ «կանգնած մարդ» շարժումը սկսած Էրդեմ Գյունդյուզին: Կազմակերպությունը իր որոշումը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Գյունդյուզի «կանգնած մարդ» ակցիան խաղաղ ցույցերի խորհրդանիշը դարձավ և համաշխարհային մակարդակով հետևորդներ ձեռք բերեց»:
Լրագրողներ առանց սահմանի կազմակերպության խոսնակ Մայքլ Ռեդիսկը այս կապակցությամբ նշել է. «Էրդեմ Գյունդյուզը Թաքսիմի հրապարակում իր տպավորիչ հաջողությամբ ցույց տվեց, որ նույնիսկ մեկ մարդը կարող է ուշադրություն հրավիրել խոսքի ազատության վրա»:
Մեծ ճանաչում ձեռք բերած «կանգնած մարդը», նույն ինքը՝ Էրդեմ Գյունդյուզը, իր արժանի մրցանակը կստանա սեպտեմբերի 5-ին՝ Պոտսդամում կայանալիք միջազգային մեդիա կոնֆերանսի ժամանակ:
