Ադրբեջանի արտգործնախարարությունը մի խումբ ռուս լրագրողների և հասարակական գործիչների այցը Լեռնային Ղարաբաղ “ապօրինի” է անվանել, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
“Եթե այս փաստը հաստատվի, այն բոլոր անձիք, ովքեր ապօրինաբար այցելել են “գրավյալ” տարածքները, կներառվեն “ոչ ցանկալի անձանց” ցուցակում”,-ասել է երկրի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը։
Լեռնային Ղարաբաղ այցելած խմբի կազմում եղել է ռուսական հետախուզության նախկին աշխատակցուհի, ներկայում հեռուստահաղորդավարուհի Աննա Չապմանը: Այդ պատվիրակության անդամներից են եղել նաև Ռուսաստանի Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը և այլք:
Այցը իրականացվել է “Հայ-ռուսական համագործակցություն” մոսկովյան կազմակերպության նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի սկզբին Բաքուն հրապարակել էր “պերսոնա նոն գրատա” հայտարարված անձանց ցուցակը, որում ներառված է 335 մարդ: Նրանք Լեռնային Ղարաբաղ այցելած օտարերկրյա քաղաքացիներն են:
