Գյումրիում անցկացվեց “Ինֆոգնացք” սոցիալական ծրագիրը

IMG_0882Այսօր “Գյումրու ինֆոտունն” իրականացրեց “Ինֆոգնացք” սոցիալական նորարարության ծրագիրը: Այն նպատակ ունի վեր հանել Շիրակի մարզին առնչվող սոցիալական խնդիրները, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն միջավայրում:

Առավոտյան 08:30-ին մոտ 6 տասնյակ մասնակիցներ “Գյումրի” կայարանից գնացքով ուղևորվեցին դեպի Արմավիր: Ճանապարհին գաղափարների հեղինակներն ու համահեղինակները թիմեր ձևավորեցին, հակիրճ ներկայացրեցին գաղափարի էությունը: Թիմերը կազմված են 7-8 մասնակցից, մեդիա ոլորտի ներկայացուցչից և փորձագետից:
“Մոտ 80-ից ավել մասնակցության հայտ ենք ստացել: Առաջարկվել է 19 գաղափար, որոնցից մեր կողմից ընտրվել է 6-ը: Բոլոր հիմնախնդիրներն էլ շատ կարևոր են, լավ առաջարկներ են: Միջոցառման արդյունքում հաղթելու է 2 գաղափար, իսկ մյուս գաղափարների համար մենք հետագայում կգտնենք կազմակերպություններ, որոնք կհամաձայնեն ֆինանսավորել դրանք”, – ասում է “Գյումրի ինֆոտան” պատասխանատու Արմեն Պետրոսյանը:
Մասնակիցները մեծամասաբ երիտասարդներ են, իսկ մրցող գաղափարները՝ շատ տարբեր: Վեց թիմերն առաջարկել են ստեղծել՝ կայք, որը կտեղեկացնի Գյումրիից դուրս եկող երթուղիների մասին: Մեկուրիշ գաղափար ներառում է կայքի կամ բլոգի միջոցով վեր հանել ու բարձրաձայնել մարզի պատմամշակութային գանձերի անտեսված և անհայտ կարգավիճակի մասին, դրանք դարձնել հանրային իրազեկության առարկա և հրավիրել հասարակության ու պատկան մարմինների ուշադրությունը: Հաջորդ գաղափարը կամավորների բազայի պորտալ ստեղծելն է, մեկն առաջարկում է ստեղծել աուդիոգրքեր՝ կույրերի համար, այն էլ՝ անվճար: Մարզում առկա ծանր սոցիալական վիճակում գտնվող և անօթևան ընտանիքներին աջակցելու համար առաջարկվում է ստեղծել կայք, որն հնարավորություն կտա տեսանյութերի միջոցով բարձրաձայնել խնդիրն ու միջոցներ հավաքագրել նրանք օգնելու համար: Իսկ վերջին գաղափարում խոսվում է միայն Գյումրիի գործատուների համար աշխատանքային հայտարարությունների կայքի ստեղծման մասին:
Հավելենք,, որ հաղթող գաղափարի համար հատկացվում է 350 000 դրամ կամ նյութատեխնիկական ու փորձագիտական աջակցություն:
Մինչև երեկո պարզ կլինեն ծրագրի հաղթողները, իսկ բոլոր մասնակիցները ժամը 18-ին դարձյալ գնացքով կվերադառնա Գյումրի:

Tags: