“Արյունների ժամանակն անցել է. ոստիկանությունն այլևս չի հանդուրժելու”. Վլադիմիր Գասպարյան

OIWZEhk01RFS9gBGcTNXjbBUZYԱվարտվեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փակ խորհրդակցությունը ոստիկանության Գյումրիի բաժանմունքում: Ոստիկանապետը պատասխանել է լրատվամիջոցների մի քանի հարցերի:

Մասնավորապես անդրադառնալով ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցներին` նշել է. “Գյումրիում ունենք, չեմ վախենում օգտագործել, երկու կլան, որոնք չգիտեմ ինչի շատ երկար տարիներ արնահեղություններով, ջարդուփշուրներով, զոռբայություններով իրենցն են թելադրում: Չի լինի այլևս, ավարտվեց դարաշրջանը. Զոռբայությունն այլևս Հայաստանի Հանրապետությունում և Գյումրիում չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր փորձելու են զենքով, զոռբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվեն, կամ ինքնահաստատվածները, բոլորը կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն էն մարդիկ, ովքեր զենքով ու արյունով են լուծում խնդիրները”:
Ոստիկանապետը նաև մեկնաբանել է, թե ինչու է խոսել գյումրեցիների գողական մտածելակերպի մասին և նշել, որ իր խոսքը կիսատ է մնացել.
“Զանգում են իմ առաջին տեղակալին` պատգամավորներ, պաշտոնապար անձիք, որոնք ասում են` էդ տղերքին մի տարեք-բերեք էլի, իրանք լավ տղերք են, բանավոր կասեն, բայց չգրեն էլի, մի տեսակ ամոթ ա, էլի: Եվ իմ խոսքն է եղել` հիմա պատգամավոր եք, թե գողական, արա: Բոլոր տեղերում էլ կան սրիկաներ, բարեպաշտ մարդիկ, խոնարհ մարդիկ”, – հենց այս իմաստով է արտահայտվել:
“Դարեր շարունակ մեր մեջ եղել են որդեր, սրիկաներ, որոնք տարանջատել, բաժանել, արյունի են գնացել: Արյունների ժամանակն անցավ, եկել է խաղաղության ժամանակը: Եկել է արդեն այն ժամանակը, որ արյունով, զոռբայությամբ ոչինչ չի լուծվի: Եվ ոստիկանությունն այլևս չի հանդուրժելու”, – հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը, ապա շարունակել, – “Ես քրիստոնյա մարդ եմ, ես խաղաղության կողմնակիցն եմ, ես արյունի կողմնակից չեմ: Բայց քրիստոնյա լինել չի նշանակում, որ մատաղացու գառներ ենք: Քրիստոնյա լինել նշանակում է, որ ամեն ինչ արվում է արդար և ճշմարիտ. և’ հանդուրժող ենք, և’ ներող ենք, և’ հասկացող ենք: Երբ Տիրոջը հարցնում են` ճիշտ է, որ յոթ անգամ կարելի է մարդուն ներել: Տերը պատասխանում է` յոթ անգամ յոթանասուն էլ կարող եմ ներել, եթե հասկանում է: Ցավոք սրտի, չեն հասկանում տկարամիտները, զոռբաները, արյունով հարցեր լուծողները. բոլորը պետք է մեկուսացվեն հասարակությունից: Չի լինելու ներողամտություն, հանդուրժողականություն, չի լիենլու գթասրտություն: Ես գտնում եմ, որ գթասեր պետք է լինել հասարակության նկատմամբ, այլ ոչ թե հանցագործի նկատմամբ”, – իր խոսքը եզրափակել է ոստիկանապետը: