Այն հայտնի է որպես աշխարհի ամենաչոր վայր, որտեղ ոչ մի օդերևութաբանական կայան երբևէ անձրև չի գրանցել:
Չիլիի Ատակամա անապատի այցելուները պարզապես կզարմանան՝ վերջին մի քանի օրերին այնտեղ ձյուն տեսնելով:
Մայրաքաղաք Սանտիագոյից 1207կմ հեռավորություն ունեցող Սան Պեդրո դե Ատակամայի բնակիչները նշում են, որ երկրագնդի ամենաչոր, շոգ անապատը համարվող այդ վայրում նման տեղումներ վերջին երեք տասնամյակի ընթացքում չէին գրանցվել:
Այժմ մտավախություն կա, որ անձրևներով ուղղեկցվող հալվող սառույցի հետևանքով գետերը դուրս կգան ափերից, ինչպես նախկինում է եղել:
Sky News-ի տեղեկություններով՝ ազգային զբոսաշրջության գրասենյակից հայտնել են, որ քաղաք տանող ճանապարհը անսովոր եղանակի պատճառով ժամանակավորապես փակ է եղել:
Առաջիկա օրերին կրկին անձրևներ են սպասվում, սակայն մարդկանց էվակուացիայի վերաբերյալ հրահանգ չի եղել:
Չիլիից մինչև Պերու ձգվող Ատակամա անապատում տարեկան ընդամենը 15մմ տեղումներ են լինում, որոշ հատվածներում դրանք հասնում են 1մմ-ի, կան նաև հատվածներ, որտեղ ընդհանրապես տեղումներ չեն լինում:
Այստեղ գիշերը ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -25 աստիճան, իսկ ցերեկը ստվերում ջերմաստիճանը հասնում է 25-30 աստիճանի:
Tags: Ատակամա անապատ
