Քաղավիացիայի վարչությունը «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքի պահպանման կամ քանդման հարցով Հանրային խորհուրդ է դիմել

big_a11d7a8852aec4ddb6e4d3842a08720aԱմիսներ առաջ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը Երևանի քաղաքապետարանին ներկայացրել էր իր զարգացման ծրագիրը, որտեղ ներառված է նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքը քանդելու նախագիծ այն պատճառաբանությամբ, որ կոնստրուկցիաները վնասված են: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր դիմումը:

Օրեր առաջ ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը դիմել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին` առաջարկելով հարցը համատեղ քննարկել, որպեսզի նախքան վերջնական որոշման հանգելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք այսօր առկա են նշված ուղևորային համալիրի նկատմամբ հանրության և այդ ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների շրջանում::

Ինչպես տեղեկանում ենք ՀԽ մամլո ծառայությունից, քաղավիացիայի վարչության պետի դիմումը երեկ քննարկվել է ՀԽ փոքր խորհրդի նիստում և որոշվել է խնդիրը նախ քննարկման դնել Հանրային խորհրդի մշակույթի և քաղաքաշինության ենթահանձնաժողովներում, որից հետո հանրային լայն քննարկումներ անցկացնել:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:

Օդանավակայանի կլոր շենքը տասնամյակներ ի վեր եղել և մնում է Հայաստանի խորհրդանիշերից մեկը:

 

Tags: