Դեսպան Ղազարյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարի հետ

Vasili_GhazaryanՕգոստոսի 29-ին դիվանագիտական առաքելութան ավարտի կապակցությամբ Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանին ընդունեց Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երլան Իդրիսովը:

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեցին հայ-ղազախական քաղաքական հարաբերությունները և երկկողմ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Միաժամանակ, կարևորվեց երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը՝ դրանք քաղաքական համագործակցության մակարդակին հասցնելու համար:

Շնորհակալություն հայտնելով դեսպան Ղազարյանին Ղազախստանում կատարած աշխատանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար՝ նախարար Իդրիսովը մաղթեց նրան հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Իր հերթին ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում Ղազախստանի կառավարության կողմից ցուցաբերած աջակցության և օժանդակության համար և համոզմունք հայտնեց, որ հայ-ղազախական հարաբերությունները կունենան շարունակական զարգացում և խորացում: