Պորտուգալիան եվրոպական երկրներից ևս 2 ինքնաթիռ է խնդրել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար

Portugal-WildfiresՊորտուգալիան խնդրել է եվրոպական երկրներին ևս երկու ջրցան ինքնաթիռներ տրամադրել երկրի տարածքում տարածվող անտառային հրդեհների դեմ պայքարելու համար:

Պորտուգալիայի ազգային քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Հորհե Դիասը հայտնում է, որ Ֆրանսիան և Իսպանիան ուրբաթ օրը յուրաքանչյուրը երեք ջրցան ինքնաթիռներ են տրամադրել, սակայն դրանք բավական չեն:

Պորտուգալիայի հյուսիսում շոգ եղանակի և քամու պատճառով տարածվող անտառային հրդեհների դեմ 1 300 հրշեջներ են պայքարում:

Հրդեհների ամենամեծ երկու օջախները գտնվում էին մայրաքաղաք Լիսաբոնից 200 կմ հեռավորության վրա գտնվող Վիզեուի մոտակա խիտ անտառներում:

Այդ հատվածում հրդեհը մարելու համար ուղարկվել էին 900 հրշեջներ և 288 մեքենաներ: