ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունը հստակ տվյալներ ունի այն մասին, թե որտեղից է Սիրիայում գործի դրվել քիմիական զենքը: «Մենք գիտենք, թե որտեղից և երբ են արձակվել հրթիռները և որ ուղղությամբ են շարժվել»,-նշել է Քերին: Վերջինիս խոսքերով՝ հրթիռները արձակվել են կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող տարածքներից և հարվածը հասցվել է ընդդիմադիր ուժերին պատկանող տարածքներին: Պետքարտուղարը նշել է նաև, որ հետախուզական տվյալների համաձայն, սիրիական զորքերը Դամասկոսի մերձակայքում երեք օր պատրաստվել են քիմիական զենքի կիրառման համար:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ Ջոն Քերին հայտարարել է նաև, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը ԱՄՆ-ը զուսպ պատասխան կտա, քանի որ կոնֆլիկտի լուծումը պետք է քաղաքական լինի: «Ցանկացած գործողություն, որը մենք կձեռնարկենք, կլինի զուսպ, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն քիմիկատի կիրառման մեղավորները: Մենք հավատում ենք, որ ի վերջո կոնֆլիկտի կարգավորումը կլինի քաղաքական՝ բանակցային ճանապարհով»,-հայտարարել է Քերին:
Tags: ԱՄՆ
