Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հողագետ Աշոտ Խոյեցյանը և Էկոլոգ – լրագրող Գալուստ Նանյանը ներկայացրեցին Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման հետևանքով Սև ջուր կամ Մեծամոր կոչվող գետի ցամաքեցման, Արարատյան դաշտավայրում ճահճացման խնդիրների ու հողերի աղակալման խնդիրների, ու դրանց դեմ տարվող պայքարի միջոցների մասին:
«Հայաստանը, մի կողմից լինելով լեռնային ջրերի ամբար, մյուս կողմից ինքն ունի ջրերի լուրջ պրոբլեմ: Աղակալված և ճահճացող հողերը հաջորդում են մեկը մյուսին, իսկ դա միայն մի բանի՝ ջրային ռեսուրսների սխալ օգտագործման արդյունք է, – ասաց Աշոտ Խոյեցյանը և ահազանգեց,- տարաբնույթ աղերը խեղդում են Արարատյան դաշտը: Մեր հողերի ութսուն տոկոսը անապատեցված է, որից ավելի քան քսան տոկոսը՝ խիստ անապատեցված, իսկ մնացածը անապատացման շեմին են»:
Ոչնչացման վտանգի տակ է նաև Սև ջուր կամ Մեծամոր կոչվող գետը, որը բացառիկ է իր նշանակությամբ, քանի որ միակ գետն է, որ անցնում է Արարատյան դաշտով: «Կորցնելով Սև ջուրը` կկորցնենք Արարատյան դաշտավայրը», – ահազանգեց Գալուստ Նանյանը: Բանախոսները, խոսելով պրոբլեմների լուծման մասին, համաձայնեցին, որ անհապաղ պետք է ջրային պաշարների տնօրինման բոլորովին նոր քաղաքականություն մշակել, որովհետև հին օրենքներն ու ծրագրերը փաստացի չեն աշխատում:
