Արցախի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրելու մասին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար ՛՛Արիության համար՛՛ մեդալով պարգեւատրվել է 5 հոգի, որից 4-ը` հետմահու:
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար ՛՛Մարտական ծառայություն՛՛ մեդալով պարգեւատրվել է 135 հոգի, որից 8-ը` հետմահու:
Ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար ՛՛Մարտական ծառայություն՛՛ մեդալով պարգեւատրվել է 2 հոգի:
Պետական շինարարության, տնտեսության, մշակույթի, կրթության ու տեղեկատվության ոլորտներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ՛՛Մխիթար Գոշ՛՛ մեդալով պարգեւատրվել է 2 հոգի, ՛՛Վաչագան Բարեպաշտ՛՛ մեդալով` 3 հոգի, ՛՛Երախտագիտություն՛՛ մեդալով` 23 հոգի:
Նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն` ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար 2 հոգու արժեքավոր նվերներ՝ հեռուստացույցներ, հանձնելու մասին:
