Արմեն Աշոտյանն ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ

արմեն աշոտյանԿԳ նախարար Ամեն Աշոտյանն ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

՛՛Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ

Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:
Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու, նոր են բոցավառվելու գիտելիք ստանալու ցանկությամբ և այդ խանդավառությունն իրենց մեջ կրելու են ողջ կյանքի ընթացքում:
Նոր ուսումնական տարվա մեկնարկով կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների, մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային առավել պատասխանատու   շրջան, որի ընթացքում բոլորիս ջանքերն ուղղվելու են մեկ գերագույն նպատակի` կրթել և դաստիարակել գիտելիքներով հարուստ, առողջ ու արժանապատիվ սերունդ:
Այսօրվա բանիմաց ու հայրենասեր  երիտասարդներից մենք ակնկալում ենք  նվիրում ու աշխատասիրություն, կրթության և գիտելիքի նոր վերաարժևորում` ի շահ մեր  երկրի ու ժողովրդի: Բարձրակարգ գիտելիքներով որակյալ մասնագետ լինելն արդեն դարձել է ժամանակի  պահանջ, օրվա հրամայական:
Շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՛՛: