“Գյումրիում բնակարանները կհանձնվեն սեպտեմբերի 32-ին” կամ ամենաբարձր չինովնիկի մակարդակով

IMG_0957Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիքների համար խոստացվել էր կառուցել 420 բնակարն ևս: Ավելին, ըստ նախնական խոստումների, այդ բնակարանները շահագործման էին հանձնվելու այս սեպտեմբերին: Գյումրու լրագրողները, Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի նախաձեռնությամբ, այսօր այցելեցին “շինհրապարակ”` ծանոթանալու աշխատանքների ընթացքին:

Հասնելով “Մուշ 2” թաղամասի ծայրում գտնվող ցանկապատված տարածք` այնտեղ ոչինչ չհայտնաբերվեց: “Քանի որ սա ցանկապատված տարածք է, պետք է ենթադրել, որ այստեղ պետք է 420 բնակարանի հիմքերը փորվեր: Որտեղ ժամանակացույցով արդեն վաղուց սկսված պետք է լիներ շինարարությունը, և եթե դեմն ուրիշ ավելի հետաքրքիր բաներ լինեին` ընտրությունների տեսքով, ոչ թե երկաշարժից 25 տարի է անցել և այլն, շինարարությունը կլիներ: Կամ եթե Շիրակի մարզը շատ ավելի լավ արդյունքներ ցույց տված լիներ ընտրությունների ժամանակ` ականջը չէին ոլորի, չէին պատժի: Մյուս ենթադրությունն այն է, որ մեր իշխանությունը մեզ հետ անկեղծ չէ, չի ասում, այո, այս-այս պատճառներով նկարագրված, ենթադրյալ դրախտը գոյություն չունի”, – նշեց Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի տարածքային կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը:
“Այստեղ գտնվողներս կարող ենք վստահաբար փաստել` մենք գործ ունենք պաշտոնական ամենաբարձր մակարդակով ստի հետ: Երբ ասվել է 420, չի ասվել 4200, 3800, որովհետև ամենատարբեր տվյալներով Գյումրիում այդքան անօթևան ընտանիքներ կան, ասվել է 420, բայց պաշտոնական ամենաբարձր մակարդակով դա սուտ է”, – ասում է Սեյրան Մարտիրոսյանը:
“Այս տարվա սեպտեմբերին հանձնվելիք 420 բնակարանները մեր ենթադրությամբ այստեղ ու “Անի” թաղամասում պիտի կառուցվեին: Հիմա տեսնում եք, որ շենքերը ոչ կիսակառույց, ոչ մի քանի հարկ ելած` գոյություն չունի: Պետությունը խոստացել էր սեպտեմբեր` ենթադրում ենք սեպտեմբերի 30 կամ 31, գոնե 32-ին պիտի հանձնվեին այս շենքերը, – կատակում է Լևոն Բարսեղյանը և բոլորին կոչ անում սեպտեմբերի 32-ին ներկա գտնվել նորակառույցների բացման արարողությանը: – Էս իշխանությունն էս մակարդակի պատասխանատվություն ունի: Էլ չգիտենք ինչպես ասենք, ստիպված եղանք ստուգայց կազմակերպել: Անկեղծ ասած, ես մտածեցի, որ իշխանությունների մասին շատ սուտ բաներ են խոսում, որոշեցինք մեր ոտով գալ, տեսնել, ստուգել` շքամուտքերում ներկն ինչպես է արված…”, – շարունակում է Լևոն Բարսեղյանն ու սարկազմով նշում` այս շենքերում ամեն ինչ կարգին է, նույնիսկ կարելի է արդեն ընտրություններ կազմակերպել:
“Այս ստուգայցի համար ես բաց հրավեր էի ուղարկել քաղաքային, մարզային իշխանություններին` գալ, տեսնել: Գուցե իրենք իսկապես տեսնում են, որ այս շենքերը կան, ես ուղղակի կատակ էի անում, թե կան”:
Մարդիկ դեռևս աղետից քառորդ դար անց հույսով են ապրում, աչքերը տուն ունենալուն կարոտ: Իսկ պատասխանատու կառույցները լռում են. շինարարությանն առնչվող հարցերը չգիտես ինչու քաղաքաշինության նախարարությունը գցում է այլ կառույցների վրա: Այս պարագայում` կառուցապատող “Գլենդել Հիլզ” ընկերության, վերջինիս կողմից էլ նշվում է, թե կատարվում են շահառուների ընտանիքների կազմի, քանակի հստակեցման ուղղությամբ աշխատանքներ, հետևաբար նաև՝ բնակարանների սենյակների քանակի, դրանց մակերեսների հստակեցման ուղղությամբ նույնպես:
“Չեմ կարծում, թե այստեղ խնդիրը փողն է. զուգարանի վրա 170.000 դոլար ծախսող իշխանության համար հարց չպիտի լիներ 420 բնակարան սարքելը”, – փորձում է մեկնաբանել Լևոն Բարսեղյանը:
Իսկ անօևթաններն ինչ անեն հարցին Լևոն Բարսեղյանն ասում է. “Անօթևանները յոլա են գնում ինչպես միշտ, հարմարվում են, տոմսի փողի են սպասում, գրին քարտի, ու քրֆում են: Քիֆուրների լուրջ կատալոգ կարելի է կազմել մեր տնակային թաղամասերում շրջելու արդյունքում”:
Ի դեպ, ենթադրյալ շինհրապարակից հեռանալուց րոպեներ անց Լևոն Բարսեղյանին է զանգահարում “Գլենդել Հիլզ” ընկերության հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչության պատասխանատուն. “Ինձ զանգահարեց “Գլենդել Հիլզի” ինչքան հասկացա մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը, հետաքրքրվում էր, թե մենք ինչ ենք անում շինարարության հրապարակում: Ես, իհարկե, դրվատանքի խոսքեր հղեցի նրան, որ էս մի շինարարությունն ուղղակի ցնցող էր, համեմատած անցած տարիների շինարարության թերությունների հետ: Այս տարի շշմելու 420 բնակարան էիք շնել, էկել հիանում էինք: “Դեռ տարածքու՞մ եք”, – ասում եմ չէ, 5 րոպե է տևել, մտել, տեսել ենք, որ շինարարությունը փայլուն ընթանում է, տարածքից դուրս ենք եկել”, – իրենց հեռախոսազրույցը ներկայացրեց Լևոն Բարսեղյանը:

Tags: