Այսօր սեպտեմբերի 1-ն է, օրը կիրակի, սակայն որոշ դպրեցներում տոնական մթնոլորտ է` առաջին դասարանցիների համար: Իսկ վաղը հանրապետության բոլոր դպրոցներում կհնչի ուսումնական տարվա առաջին զանգը:
Շիրակի մարզում 2013-14 ուստարում դպրոցական զանգն առաջին անգամ կհնչի նախնական տվյալներով 3019 առաջին դասարանցիների համար: Հավելենք, որ այս թիվը բավական մեծ է նախորդ տարվա ցուցանիշից` 2849, սակայն Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը նշում է, թե հրապարակված թիվը ենթակա է փոփոխման, քանի որ նույն երեխայի մասին հնարավոր է տեղեկացրել են երկու դպրոցի տնօրեն:
Շիրակի մարզում այսօր գործում է 170 պետական հանրակրթական դպրոց, որից 153-ը` մարզպետարանի, 17-ը` անմիջական ԿԳՆ ենթակայության: Շիրակն ունի 4 տարրական, 45 հիմնական, 100 միջնակարգ, 1 վարժարան, 2 հատուկ և 1 երեկոյան դպրոց: Կրթության վարչության պետի փոխանցմամբ, դպրոցների թերբեռնվածության պատճառով չի բացառվում դպրոցների օպտիմալացումը:
Մարզում գործում է 13 ավագ դպրոց, որից` 10-ը Գյումրիում, 2-ը` Արթիկում և 1-ը Ախուրյանում. այստեղ նույնպես աշակերտների խնդիր կա և ԿԳ նախարարությունն առաջիկայում քայլեր կձեռնարկի դրանց օպտիմալացման շուրջ ևս:
Մարզի դպրոցներից շատերն ունեն նաև նորոգման անհրաժեշտություն: Մարզպետարանի հրապարակած տվյալներով Շիրակում խիստ առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն Հովունիի, Կապսի, Արթիկի թիվ 8, Լուսակերտի, Ձորաշենի դպրոցները: 118 դպրոց ունի հիմնանորոգման կարիք, 21-ը` վերանորոգման: Մի շարք դպրոցներում էլ առկա են մարզադահլիճների և մարզահրապարակների հիմնանորոգման խնդիրը:
Դարձյալ նախնական տվյալներով, 2013-14 ուստարում մարզային ենթակայության դպրոցները կունենան 1294 շրջանավարտ:
