Թուրքական «Սաբահ» պարբերականը իր այսօրվա համարում անդրադառնում է վարչապետ Էրդողանի հայտնած այն տեսակետին, թե քանի դեռ համաշխարհային հանրությունը Սիրիայի դեմ վճռական գործողություններ չի ձեռնարկել, Բաշար Ասադի կառավարությունը շարունակելու է զանգվածային սպանություններ իրագործել: «Համաշխարհային մակարդակով որոշումը գտնվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ պետությունների ձեռքում, և դա հակաժողովրդավարական է»,-նշել է Էրդողանը: Վերջինս նաև հայտարարել է, որ Թուրքիան կողմ է այն բոլոր որոշումներին և գործողություններին, որոնք կդադարեցնեն արյունահեղությունը Սիրիայում:
Այնուհանդերձ Սիրիա ռազմական ներխուժման հարցում Թուրքիայում բոլորը չեն միակարծիք: Մասնավորապես Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Հիքմեթ Չիչեքը կողմ չէ այդ որոշմանը: Չիչեքը նշել է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան Սիրիայից հեռու են գտնվում: «Նրանք գործողություններ կիրականացնեն այդ երկրում, ապա կլքեն այն, իսկ Թուրքիան կմնա Սիրիայի հետ, այս պատճառով էլ Թուրքիան չպետք է խառնվի այս հարցին»,-ասել է Չիչեքը:
