Դիրարբեքիրը ինչքան քրդերին, այնքան էլ հայերին ու ասորիներին է պատկանում. Օսման Բայդեմիր

baydemirԱվստրիայի մայրաքաղաք Վիենայում հայկական և ասորական համայնքները ընթրիք են կազմակերպել Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի պատվին: Ընթրիքին ներկա են գտնվել Ավստրիայի հայկական համայքի առաջնորդ Ալի Թաղյանը, ասորական համայնքից` Յուսուֆ Գյունեյը, Վիեննայի քաղաքային խորհրդի անդամ Ասլան Էրգենը, ինչպես նաև հայ համայնքի մի շարք անվանի դեմքեր:

Ինչպես հաղորդում է «Pirsus Haber» կայքը՝ Ալի Թաղյանը Վիենայի բոլոր հայերի անունից շնորհակալություն է հայտնել Օսման Բայդեմիրին Միջին Արևելքի ամենամեծ եկեղեցին հանդիսացող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման համար: Բայդեմիրն էլ իր հերթին նշելով, որ Դիրաբեքիրը ինչքան քրդերինն, այնքան էլ հայերին և ասորիներին է պատկանում, հայերին Դիրաբեքիր է հրավիրել: Բայդեմիրը նաև նշել է, որ եկեղեցու մի մասը վերածվելու է հայկական մշակույթի թանգարանի, իսկ Ալի Թաղյանն ու Յուսուֆ Գյունեյը ցանկություն են հայտնել ներկա գտնվելու թանգարանի բացմանը:

Նշենք, որ Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման համար քաղաքապետարանի բյուջեից 1 մլն թուրքական լիրա էր հատկացրել: Բայդեմիրի նման պահվածքը առիթ է հանդիսացել, որպեսզի նա բազմիցս քննադատության արժանանա հայամետ լինելու համար: Այս պարագայում բոլորովին զարմանալի չէ, որ թուրքական կայքը քաղաքապետի Վիենա կատարած այցի մասին պատմող հոդվածը վերնագրել է հետևյալ կերպ. «Բայդեմիրի հայասիրությունը մայրցամաքներ է անցնում»:

Tags: