Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության տոնի կապակցությամբ

Free Democrats Logo1991թ. սեպտեմբերի 2–ը պատմական և շրջադարձային օր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ողջ հայության համար։ Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի խորհուրդների համատեղ նիստում միաձայն ընդունվեց Հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին, ինչն էլ հետագայում ամրապնդվեց ժողովրդական հանրաքվեով։ Այդ օրն արցախցին ապացուցեց, որ ունի կամք և ձգտում կերտելու սեփական պետությունը, լինելու ազատ և անկախ։ Արցախցին ապացուցեց, որ ինքը տե՛ր է իր ինքնորոշման իրավունքին։

Անկախության 22 տարիների ընթացքում ԼՂՀ ժողովուրդն աշխարհին ապացուցել է սեփական պետություն ունենալու և զարգացնելու իր վճռականությունն ու իրավունքը։ Այսօր ԼՂՀ–ում մեծանում է անկախության սերունդը, որն ամուր կանգնած է իր հողի վրա և պայքարում է իր պետությունում ժողովրդավարության զարգացման համար։

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորում է արցախցիներին և համայն հայությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։ Սա բոլորիս տոնն է, քանզի ԼՂՀ  անկախության համար պայքարել է ողջ հայությունը` ԼՂՀ 22–ամյա անկախությունը մեր բոլորիս հաղթանակն է։

Մենք վստահ ենք, որ արյան և մաքառումի գնով ձեռք բերված ԼՂՀ անկախությունը արժանանալու է միջազգային ճանաչման`լիահույս ենք, որ արցախցին և ողջ հայությունը կհասնեն նաև այդ բաղձալի հաղթանակին։

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն