Թուրքիայում շարունակվում է մանկահասակ հարսների սարսափելի ավանդույթը

harsԹուրքիայի Նիղդեի վիլայեթում պետական հիվանդանոցը մի հետաքննություն է սկսել, պարզելու համար, թե շրջանում ինչու են նվազել հղիության ստուգմանը դիմողների թիվը: Ուսումնասիրության արդյունքում մի սարսափելի վիճակագրություն է ի հայտ եկել: Պարզվել է, որ ամուսնացող և հղիացող կանանց մեծամասնությունը մանկահասակ է՝ 11-14 տարեկան:

Թուրքական «Միլիեթ» թերթից Բուրջու Քարաքաշը գրում է, որ մանուկ հասակում հղիացած աղջիկները չեն կարողանում հիվանդանոց գնալ և բժշկի հսկողության տակ գտնվել, քանի որ նրանց ընտանիքները վախենում են օրենսդրական պատասխանատվությունից: Լրագրողը զրուցել է Դյունդարլը գյուղի կանանց հետ, որոնք բոլորն էլ բողոքել են վաղաժամ ամուսնության ավանդույթից: Նրանք նշել են, որ եթե այդ մասին շատ խոսվի, հրապարակումներ արվեն, ապա հնարավոր կլինի նվազեցնել և ապա կանխել նման ամուսնությունների թիվը:
Հետաքրքրական է, որ գյուղի երիտասարդները պատմել են, թե գյուղապետի 22-ամյա որդին նշանված է 14 տարեկան աղջկա հետ, իսկ 8-րդ դասարանում սովորող գրեթե բոլոր աղջիկները արդեն նշանված են: Գյուղում աղջկան «ամուսնացնել» բայի փոխարեն «վաճառել» բայն են օգտագործում: «Դպրոցն ավարտելուց հետո աղջիկներին վաճառում են, գյուղի կարգն է այդպիսին»,-ասել է տղաներից մեկը:

 

 

Tags: