Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, զրուցելով «Aksiyon» հանդեսի թղթակցի հետ, խոսել է երկրում սպասվող նախագահական ընտրությունների մասին: «Այժմ առաջին անգամ նախագահը ընտրվելու է ժողովրդի կողմից: Երկրորդ անգամ ընտրվելու իրավունք ունի նաև գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը: Իրենց թեկնածությունը կարող են առաջադրել 20 պատգամավորներ: Ընդդիմության կողմից թեկնածու չի նկատվում: Եթե վարչապետը ցանկանա առաջադրել իր թեկնածությունը, ապա առանց որևէ խնդրի այդ հարցը կլուծվի: Չեմ կարծում, որ վարչապետի այս ցանկության վերաբերյալ Գյուլը այլ կարծքի կունենա»,-նշել է Արընչը:
Իր հերթին ԱԶ կուսակցության խոսնակ Հուսեյն Չելիքը «Kral FM» ռադիոյի ուղիղ եթերում նշել է, որ նախագահի պաշտոնի համար ամենակարևոր թեկնածուն վարչապետ Թայիփ Էրդողանն է: «Իմ ճանաչած վարչապետը իր խոսքից հետ չի կանգի: 11 տարի է, Թուրքիայի վարչապետն է և սրանից հետո նրա նախագահ լինելը երկրի շահերից է բխում: Գյուլի և Էրդողանի բարեկամությունը խորը արմատներ ունի: Չեմ կարծում, որ եթե Էրդողանը ցանկանա առաջադրել իր թեկնածությունը, Գյուլը ևս նույնը կանի: Սակայն չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կլինի»,-ասել է Չելիքը:
