Պիկետի մասնակիցները փակել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի ճանապարհը

պիկետՍեպտեմբերի 3-ի երեկոյան “Սպայի տան” դիմաց մի խումբ քաղաքացիներ փակել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մամեդովի մեքենայի ճանապարհը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ցուցարարները պահանջել են փոխնախարարից դուրս գալ մեքենայից և լսել իրենց խնդիրները: Նրանք թակել են մեքենայի պատուհանները: Միջադեպի պատճառով փակել են ճանապարհային երթևեկությունը, խցանում է գոյացել:

Պատճառն այն է, որ ցուցարարների երեխաները, որոնք կրթություն են ստացել Ռազմական լիցեյում, ստիպված են երկրորդ անգամ քննություն հանձնել՝ Բարձրագույն ռազմական դպրոց ընդունվելու համար: Մոտ 40 դժգոհ ծնողներ որոշել են դիմել փոխնախարարին, սակայն վերջինս թոթվել է ուսերն ու նշել` ոչնչով օգնել չի կարող: Այդ պատճառով զայրացած ծնողները փակել են նրա մեքենայի ճանապարհը:

Ցուցարարները անգամ հայտարարել են, որ մտադիր են բողոքի ակցիա իրականացնել նախագահի աշխատակազմի շենքի դիմաց: