Հայաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անկանխատեսելի երկիր է. ադրբեջանցի վերլուծաբան

mamedov  Ադրբեջանի նախագահին առնթեր գործող Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհատ Մամեդովը մեկնաբանություններ է արել Հայաստանի որոշմանը միանալու Մաքսային միությանը: Մամեդովը նշել է, որ Հայաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անկանխատեսելի երկիր է: «Այսքան ժամանակ պաշտոնական Երևանը եվրոպացիների հետ մանևրում էր միայն Ռուսաստանից հավելյալ ֆինանսական միջոցներ ստանալու համար: Կարելի է սպասել, որ Ռուսաստանը մոտ ապագայում Հայաստանից կգնի Հայռուսգազարդ ընկերության մնացած 20 տոկոսը, կմասնակցի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ֆինանսավորմանը, կստեղծի ներդրումային ընկերություն «Նաիրիտ» գործարանի գործարկման համար և այլն»,-ասել է Մամեդովը:

Նշենք, որ երեկ Մոսկվայում տեղի ունեցած իրադարձությունները չեն վրիպել մեր հարևանների ուշադրությունից: Մաքսային միությանը միանալու Հայաստանի կայացրած որոշմանը լայնորեն անդրադարձել է և թուրքական և ադրբեջանական մամուլը: «Առավելագույնը, ինչի հույս կարող է ունենալ Հայաստանը, դա ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի հեշտացումն է, ինչը կնպաստի Հայաստանից արտագաղթի աճին և երկրի դատարկմանը»,-Մամեդովի խոսքերն է վկայակոչում թուրքական «Haberler»: