Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, հայտարարել է Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը Բաքվում մեկնարկած “Համատեղ հանրություն-2014” համաժողովի նախապատրաստական հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է “1նյուզ” կայքը, նա մասնավորապես նշել է. “Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ միջոցը արդեն ապացուցել է իր կենսունակությունը և պետք է կիրառվի այս իրավիճակում: Հակամարտությունները ավերածությունների, մահվան և մարդկանց մեծ տառապանքների պատճառ են հանդիսանում: Փախստականներն ու բռնի տեղահանվածները տարիներով չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի հողերը”:
Սակայն Լատվիայի նախկին նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ հույս միշտ կա:
“Լատվիայում շատերն էին ասում, որ մեր երկիրն իր անկախությունը վերականգնելու հույս չունի, սակայն Խորհրդային միությունը փլուզվեց, շատ բան փոխվեց”,-ընդգծել է նա:
Tags: Ղարաբաղյան հակամարտություն
