«Չեմ կարող ասել, թե ՀՀ իշխանությունները խաբել են ժողովրդին: Սա խաբել չէ, այլ ընդամենը բնավորության գիծ: Խաբում են նրանք, ովքեր գոնե երբեմն ճիշտն են ասում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Սերժ Սարգսյանի` Մոսկվայում կատարած հայտարարության մասին, հայտնեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա` Հայաստանի կողմից աններելի քայլ էր չորս տարի Եվրոպայի հետ համագործակցելն ու մի վայրկյանում բոլորովին այլ գործընթաց սկսելը: «Արդեն չորս տարի է վարչապետից սկսած բոլոր իշխանավորները խոսում են Ասոցացման պայմանագրի նախաստորագրման մասին և հանկարծ` մի վայրկյանում նախագահը Մոսկվայում որոշում է կայացնում միանալ Մաքսային միությանը», – ասաց Արմեն Մարտիրոսյանը ու հավաստեց, որ նման քայլի ցանկացած արդարացում անընդունելի է:
«Եթե նախագահին Մոսկվայում ստիպել են վայրկենական որոշում կայացնել, ուրեմն Ռուսաստանի՝ իբրև ապագա լավ գործընկերոջ մասին խոսք լինել չի կարող: Եթե Մոսկվայում ՀՀ կամ ԼՂՀ անվտանգությանը հղում կատարող շանտաժ է հնչել, ուրեմն նման միությանը անդամակցելը արդեն իսկ խոցելի է դարձնում մեր անվտանգությունը: Եթե տնտեսական շահերով է պայմանավորված եղել որոշումը, ապա հնարավոր չէ չհասկանալ, որ դա անիրական է, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը չունեն ընդհանուր սահման: Քաղաքական կառավարման իմաստով ևս որևէ շահ ունենալ չենք կարող, քանի որ մտնում ենք մի միություն, որի գագաթը՝ Ռուսաստանը, ամենակոռումպացված ու ավտորիտար
երկիրն է, որ հնարավոր է պատկերացնել, հետևաբար, նման համակարգ մտնելու պարագայում ժողովրդավարական բոլոր սկզբունքների մասին կարող ենք ուղղակի մոռանալ», – ասաց Արմեն Մարտիրոսյանը:
