Անգլիական «Financial Times» թերթն իր այսօրվա հոդվածում անդրադառնում է 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար ծավալված մրցավազքին: «Թուրքիան կորցրեց օլիմպիական թեկնածուի իր փայլը» վերնագրով հոդվածում Դանիել Դոմբեյը գրում է, որ «ամառվա խառնաշփոթ ամիսներին վարչապետը ստվեր գցեց օլիմպիական խաղերի հյուրընկալման երազանքի վրա»: Հոդվածագիրը, առաջ քաշելով այն տեսակետը, որ Թուրքիայում օլիմպիական խաղերի անցկացումը կապված է վարչապետ Էրդողանի ապագայի հետ, նշում է, որ հաջողության հասնելու դեպքում Թուրքիան կդառնա առաջին մուսուլմանական երկիրը, որտեղ կանցկացվեն օլիմպիական խաղերը:
Հոդվածագրի կարծիքով՝ մինչև այս ամառ 2020 թվականի Օլիմպիադան հյուրընկալելու հարցում Թուրքիայի գործերը լավ էին գնում, սակայն ամռանը ծագած խնդիրները բացասական անդրադարձան այս գործընթացի վրա: «Ամռան ամիսներին տնտեսական տեսանկյունից մտավախությունների մեծացումից ու հակակառավարական ցույցերից հետո Էրդողանը ուզում է միջազգային ասպարեզում քաղաքական ու տնտեսական արագ ճանաչում ձեռք բերել»,-գրում է «Financial Times»-ը:
Նշենք, որ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար պայքարում է երեք քաղաք՝ Մադրիդը, Տոկիոն և Ստամբուլը: Մասնագետների կարծիքով՝ այս մրցավազքում հաղթելու ամենամեծ հնարավորությունը Տոկիոն ունի:
Tags: սպորտ