Յաշար Քեմալին հանձնվեց «Գրիգոր Նարեկացու» անվան հուշամեդալը

yasar-kemal   Թուրքական գրականության ամենահայտնի անուններից ծագումով քուրդ գրող Յաշար Քեմալը Հայաստանի մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացու» անվան հուշամեդալով: Նախարարության ներկայացուցիչ Սեյրանուշ Գեղամյանը, պատգամավոր Արագած Ախոյանը, Արևմտահայերի ազգային համագումարի ներկայացուցիչներ Վահան Մելիքյանն ու Սևակ Արծրունին Ստամբուլում Յաշար Քեմալին են հանձնել պատվավոր հուշամեդալը: Ինչպես գրում է թուրքական «Hürriyet»,  Հայաստանից մեկնած պատվիրակությունը անվանի գրողին է նվիրել 1975 թվականին հայերեն լույս տեսած նրա «Ince Mehmet» («Ցախ Մեհմեդ») վեպը, ինչպես նաև այլ նվերներ:

Հուշամեդալի հանձնման արարողության ժամանակ Յաշար Քեմալը ասել է. «Այս հողերը միևնույն ժամանակ շատ մեծ վշտերի, կործանումների հողեր են եղել: Ապրած շատ մեծ վշտեր, կորսված շատ մեծ արժեքներ կան, սակայն մարդկությունը ջանում է մաքրագործվել բոլոր ախտերից: Այս ջանքերից ամենանվիրականն էլ թշնամությանը ընդդիմանալն ու խաղաղության մեջ հաստատակամ լինելն է:»

Նշենք, որ Յաշար Քեմալը թուրք գրականության մեջ հայտնի է որպես 20-րդ դարի լավագույն արձակագիր: Վերջինս մեծ ավանդ է ունեցել 1951 թվականին Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական իշխանությունների կողմից ոչնչացումից փրկելու գործում:

 

Tags: