Սահմանին խաղաղ բնակիչների մահը մեծ ողբերգություն է, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
“Ուստի մենք կարծում ենք` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող երկար տևել և պետք է լուծվի հնարավորինս շուտ: Կտրականապես հայտարարում ենք, որ երկու կողմերից խաղաղ բնակիչների մահը անթույլատրելի է”,-հայտարարել է դիվանագետը:
Դեսպանը նաև պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքի` տարածաշրջան սպասվող այցելության մասին: “Մենք անհամբեր սպասում ենք Հարավային Կովկաս նրա ժամանմանը: Ես շատ լավ եմ ճանաչում նրան: Նա շատ փորձառու դիվանագետ է: Քանի որ Ջեյմս Ուորլիքը շատ ստեղծագործ մարդ է, վստահ եմ` իր նոր գաղափարներով նա ներդրում կունենա ընթացող գործընթացներում”,-ընդգծել է Մորնինգսթարը:
