Չինաստանի Հուբեյ նահանգի գետից տոննաներով թունավորված ձկներ են հանվել

poisoned-fish3Չինաստանի գետերից մեկը կրկին երկրում աղտոտվածության բարձր մակարդակի օրինակ է դարձել:

Սինհուա լրատվամիջոցը չորեքշաբթի հայտնել է, որ իշխանությունները Հուբեյ նահանգի գետերից մեկի 40 կմ ձգվող հատվածից 110 տոննա սատկած ձուկ են հանել:

Այս շաբաթ տարածված լուսանկարներում երևում է, թե ինչպես է գետի մեկերեսը և ափերը ծածկվել արծաթագույն ձկներով:

Նահանգային շրջակա միջավայրի պահպանության գրասենյակից հայտնում են, որ ձկների սատկելու պատճառ է դարձել մոտակայքում գտնվող քիմիական գործարանից գետի մեջ մեծ քանակությամբ ամոնիակի արտանետումը: Երեքշաբթի գետից վերցված ջրի նմուշի հետազոտումից հետո պարզվել է, որ այնտեղ ամոնիակի քանակը մեկ լիտրում հասնում է 196 միլիգրամի, այնինչ Առողջապահության համաշխարհային գրասենյակի տեղեկություններով՝ ջրի ներքին շերտերում ամոնիակի պարունակությունը սովորաբար 0,2 միլիգրամ է լինում մեկ լիտր ջրում, իսկ մակերևույթի ջրերը կարող են մեկ լիտրում պարունակել մինչև 12 միլիգրամ ամոնիակ:

Սինհուա լրատվամիջոցի տեղեկություններով՝ Հուբեյի շրջակա միջավայրի համար պատասխանատու մարմինները կարգադրել են փակել գործարանը: