Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում. Սաիդ Չեթինօղլու

Սաիդ ՉեթինօղլուԱյսօր Երևանի պետական համալսարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ կազմակերպված գիտաժողովին հյուրընկալվել էր թուրք Սաիդ Չեթինօղլուն, ով խորությամբ ուսումնասիրել է թուրքերի պատճառած կորուստները հայերին և եկել եզրակացության, որն արտասանելիս, իր իսկ վկայությամբ, դողում է՝ իր հայրենակիցները անխղճաբար վերցրել են հայերից ամեն ինչ՝ մինչև վարտիքը:
Սաիդ Չեթինօղլուն մեկն է այն քչերից, ովքեր խոսում են Ցեղասպանության մասին հենց Անկարայում և չեն վախենում ոչնչից: Նա Ցեղասպանության մասին տասնյակ գրքերի ու հարյուրավոր հոդվածների հեղինակ է: Գիտաժողովի կազմակերպիչները նույնիսկ կատակեցին. “Եթե մեր հյուրի բոլոր գրքերը իրար վրա դնենք, կկազմվի իր հասակից մի քանի անգամ մեծ բուրգ”:
Սաիդ Չեթինօղլուն հակադրվում է իր ազգի այն ներկայացուցիչներին, ովքեր, իր իսկ խոսքերով, “հայերից խոսելիս “լոլո” են կարդում, խոսում են ոչինչ չասելու համար”:
Սաիդ Չեթինօղլուն վերջերս է Անկարայում երկօրյա գիտաժողով կազմակերպել, որտեղ բազմաթիվ մտավորականներ են հանդես եկել զեկույցներով: “Ուրացման հետ առերեսում” զեկույցում Սաիդ Չեթինօղլուն խոսել է այն ամենի մասին, ինչ թուրքերը խլել են հայերից. “Շտապ օգնության մեքենաները, անգամ աղջիկների օժիտի ներքնազգեստները վերցրել են: Հարկերի դիմաց քաղցկեղով հիվանդի տակից մահճակալը առգրավել են”, – առանց հուզմունքը թաքցնելու ասաց Չեթինօղլուն և հավելեց` “արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում”: