Գերմանիայի Ազգային-դեմոկրատական կուսակցության երիտասարդական թևը պահպանակներ է բաժանել գերմանաբնակ թուրքերին, մյուս օտարերկրացիներին և խտրականության դեմ հանդես եկող գերմանացիներին: Ինչպես հաղորդում է «Habertürk»-ը, պահպանակների համար հատուկ տուփեր են պատրաստվել, որոնց վրա գրվել է՝ «Օտարերկրացիների և ընտրյալ գերմանացիների համար»: Նեոֆաշիստները այս ակցիայով նպատակ ունեն կանխելու օտարերկրացիների ծնելիության մակարդակի աճը:
Կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ Անդի Քնապը հայտնել է, թե որն է իրենց նշանաբանը՝ «Օտարնե՛ր, ինքներդ ձեզ մի՛ շատացրեք»: Այս նախաձեռնությունը մեծ դժգոհություն է առաջացրել և՛ գերմանացիների, և՛ գերմանաբնակ փախստականների մոտ: Գերմանիայում ֆաշիստական վարչակարգի իշխանության տարիներին համակենտրոնացման ճամբարներում հղի կանանց բռնի վիժեցնում էին, որի հետևանքով նրանց մեծ մասը մահանում էր:
