Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Ոստիկանության Արաբկիրի բաժնում Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Քրեական գործը հարուցվել է օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ընթացքում Ա. Կիվիրյանի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Ա. Կիվիրյանը սակայն, պնդում է, որ ոստիկաններն են իր հանդեպ բռնություն գործադրել, և ինքը գործով տուժող պետք է ճանաչվի: Օգոստոսի 30-ին Արգիշտի Կիվիրյանն իր 30 փաստաբաններով գնացել էր ՀՔԾ՝ վկայություն տալու, սակայն ՀՔԾ-ում համաձայն չեն եղել, որ Ա. Կիվիրյանն այդքան փաստաբանների հետ մտնի ներս: Ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանից հետաքրքրվեցինք՝ ինչն է պատճառը, որ Կիվիրյանին թույլ չեն տվել վկայություն տալ 30 փաստաբանների ներկայությամբ: Ահարոնյանը «Անկախ»-ին ասաց. «Արգիշտի Կիվիրյանը իր կնոջ՝ փաստաբան Լուսինե Սահակյանի ներկայությամբ օգոստոսի 30-ին ցուցմունք է տվել` որպես վկա»: