Փոխվարչապետը Շիրակի մարզում խոստումներ է տվել

IMG_1006Այսօր Շիրակի մարզի Ամասիա համայնքում բացվեց “մանկական արվեստի դպրոցի” նորակառույց շենքը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, այլ հյուրեր: 50-ամյա պատմություն ունեցող այս դպրոցը 80-ից ավելի սաներին ընդունում էր համայնքի գրադարանի շենքի երկրորդ հարկում: Եվ ահա նոր շենքը վերանորոգել և կահավորել է Ucom ընկերության կողմից: Շինարարությունը տևել է մոտ 5-6 ամիս:

“Այս շենքը նախկինում կիսակառույց բանկի շենք է եղել: Հանրապետության նախագահի IMG_1025Ամասիա վերջին այցի ժամանակ, եղավ հանձնարարական, որ շենքը տալ համայքնի հաշվեկշռին և կառուցել նոր արվեստի դպերոց: Մեր մանկական արվեստի դպրոցը 50 տարվա պատմություն ունի՝ հիմնվել է 1963թ.”, – ասում է Ամասիա համայնքի ղեկավար Աղասի Ամիրյանը:
Ելույթ ունենալով դպրոցի բացման արարողությանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշեց. “Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այն միջոցառումները, որ վերջին տարիներին այս համայնքում տեղի են ունցել՝ բացումները, զարգացումները, դրանք շարունակական են լինելու: Եվ արդեն այսօր իսկ երկու նոր ծրագրեր կան, որոնք կյանքի են կոչվելու նաև մասնավոր և պետություն համագործակցության շրջանակներում, “Սոցիալական ներդրումների հիմնադրամի” անմիջական մասնակցությամբ: Ես նկատի ունեմ այն, որ շուտով կսկսվեն Ամասիայի կինոթատրոնի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև արդեն հստակ և կոնկրետ պայմանավորվածություններ կան Ամասիայի մարզադաշտի վերանորոգման հարցում, որը հնարավորություն կտա բնակիչներին սպորտի զարգացման հնարավորություններ ստեղծել: Նմանատիպ միջոցառումները դեռ քիչ են բավարար լինելուց, որպեսզի կարողանանք ասել, որ մենք կարողացել ենք էականորեն փոխել մեր բնակչության կյանքի որակը: Բայց ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ այն մարդկանց հետ միասին, ովքեր այս վերջին տարիներին պետության կողքին կանգնած ծրագրերն իրականացնելու են, հնարավոր է լինելու բոլոր խնդիրները լուծել. հասկանալով հանդերձ, որ ամենամեծ խնդիրը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ մեր բնակչության կենսամակարդակի բարձրացումը, հավաստիացնում եմ ձեզ, որ այդ ուղղությամբ նույնպես պետությունը, մեր գործընկերների հետ քայլեր ձեռնարկում է և ձեռնարկելու է”:
“Մենք ունենք “Ամասիայի վերականգնման հիմնադրամ”, որի միջոցներով շատ աշխատանքներ ենք կատարել: Հայաստանում միակ համայնքն է, որ բոլոր տներում գազաֆիկացումն անվճար է անցկացվել՝ հիմնադրամի ֆինանսավորմամբ: Մոտ 60 երեխաների համար գործող մանկապարտեզի ֆինանսավորումը ևս տրամադրում է այս հիմնադրամը. համայնքից մենք ոչ մի ֆինանսական միջոց չենք տրամադրում մանկապարտեզին: Իսկ հիմնադրամի անդամները շատ հայտնի և հաջողակ բիզնեսմեններ են, իսկ աշխատանքները կորդինացնում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը”, – ասում է Ա.Ամիրյանը:

Tags: