«Տոնացույց» ժողովրդական թատրոնի ղեկավար Հասմիկ Բաղրամյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Իտալիայում օգոստոսին կայացած «Ֆոլկլորը խաղաղության համար» միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացնող «Տոնացույցը» զբաղեցրել է առաջին տեղը: «Հաղթանակը չափազանց անսպասելի էր, թեև մենք մանրամասն պատրաստել էինք յուրաքանչյուր մանրուքը, Ազգագրության ինստիտուտի հետ էինք համագործակցել: Եվ արդյուքնում ժյուրին գտավ, որ խոհանոցի, ազգային երհի ու պարի լավագույն և ամբողջկան մատուցումը հենց մերն էր», – իր խոսքում շեշտեց Հասմիկ Բաղրամյանը և տեղեկացրեց, որ շատ շուտով Հայաստանում կմեկնարկի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային փառատոնը, որին մասնակցելու համար արդեն Հայաստանում են Լիտվայի, Չեխիայի ու Իտալիայի ֆոլկլորային խմբերը: Իտալիայի «Սամուգեո» խմբի ղեկավարներից մեկը` Սարա Օլլան վստահ է, որ Իտալիան ու Հայաստանը չափազանց շատ մշակութային նմանություններ ունեն, զորօրինակ լավաշը: «Մեզ հետ Հայաստան ենք բերել Իտալիայի մի փոքրիկ կտոր և ուզում են ծաղկեցնել այն այստեղ», -ասաց Սարա Օլլան: Իսկ Չեխիայից «Վալասկե Վոյովոդու» ֆոլկլորային խմբերի ղեկավարները արդեն ծանոթ էին առանձին հայ մշակութային գործիչների, հատկապես տպավորված էին Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով: Նրանցից մեկը նաև առանձնացրեց հայկական ջրի յուրօրինակ համը. «Շատ համեղ ջուր ունեք, հենց տեսնում եմ, խմում եմ»:
