ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը` Միշել Վուասինի գլխավորությամբ, նախընտրական շրջանում և ընտրությունների օրը կայցելի Ադրբեջան: Այս մասին “ԱՊԱ” գործակալության թղթակցին հայտնել է Միշել Վուասինը:
Վերջինս նշել է, որ դիտորդական առաքելության խմբի հետ կայցելի Ադրբեջան` երկրի նախընտրական վիճակին ծանոթանալու համար: “Մենք երկու այց կկատարենք: Առաջինը կկայանա մինչև սեպտեմբերի 20-ը: Հետո կգանք հոկտեմբերի 3-ին և ընտրությունների օրն այստեղ կլինենք: Ինչպես գիտեք, ԵԱՀԿ-ում այս տարի նախագահող Ուկրաինայի արտգործնախարարը Ադրբեջանի առաքելության ղեկավարությունն ինձ է հանձնարարել, և ինձ նշանակել են համակարգող: Մեր այցերի նպատակը նախընտրական իրավիճակին և ընտրությունների ընթացքին ավելի լավ ծանոթանալու ցանկությունն է”, -ասել է Վուասինը:
Միշել Վուասինը նշել է, որ ԺՀՄԻԳ գործընկերների հետ Ադրբեջանում նաև այլ հանդիպումներ կանցկացնեն. “Մեր առաքելության ճշգրիտ ամսաթիվը և ծրագիրը հայտնի կդառնան հաջորդ շաբաթ”:
Հավելենք, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունը ևս կհետևի Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Խմբի համակարգող է նշանակվել ԱՊՀ-ի գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական խումբը ընդգրկված է ԱՊՀ-ի առաքելության կազմում: Դրա կազմում կլինի մոտ 30 մարդ, այդ թվում` Համագործակցության յոթ երկրների խորհրդարանների անդամներ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիտորինգի միջազգային ինստիտուտի ներկայացուցիչներ:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա հոկտեմբերի 9-ին:
Tags: Ադրբեջանի նախագահական ընտրություններ