Այսօր Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում որոշվում է, թե որ երկիրն է 2020 թվականին հյուրընակելու ամառային օլիմպիական խաղերը: Թեկնածու երեք քաղաքների թվում է նաև Ստամբուլը, որը Մադրիդի և Տոկիոյի հետ կմրցի այս իրավունքը ստանալու համար: Թուրքական պատվիրակությունը վարչապետ Էրդողանը գլխավորությամբ ներկայացրել է իրենց օլիմպիական նախագիծը, ըստ որի Ստամբուլում հսկայածավալ շինարարություն է իրականացվելու:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ վարչապետ Էրդողանը անձամբ է ողջունել բոլոր ներկաներին, օլիմպիական կոմիտեի նախագահությանը և հայտնել իր երկրի պատրաստակամությունը հյուրընկալելու 2020 թվականի օլիմպիադան: «Մանկուց ի վեր 16 տարի շարունակ սիրողական ֆուտբոլով եմ զբաղվել: Թող կինս ու երեխաներս ինձ ներեն, բայց նրանց հավասար Ստամբուլի ու սպորտի հանդեպ անսահման սեր եմ տածում: Ստամբուլի նկատմամբ իմ սերը ինձ քաղաքապետ դարձրեց, իսկ սպորտի հանդեպ սերս, համատեղ աշխատանքն ու փոխօգնության հոգին ինձ վարչապետի պաշտոնին բերեցին: Իմ ամենամեծ նպատակներից մեկը միշտ եղել է սպորտի ու Ստամբուլի նկատմամբ սերս մեկ ջահի տակ միավորելը»,-ասել է Էրդողանը:
Թե որ քաղաքը կարժանանա 2020 թվականի օլիմպիական խաղերը իր հարկի տակ հյուրընկալելու պատվին, պարզ կդառնա երեկոյան 23:00-ին՝ քվեարկությունից հետո:
