Ազգային ժողովը երկարատև արձակուրդից հետո սկսեց աշխատանքը. մեկնարկը բուռն էր

15101Երկարատև դադարից հետո ՀՀ օրհներգի ներքո մեկնարկեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանը:

Նիստերի աշխատանքին ներկա է 102 պատգամավոր:

Մինչ օրակարգի հաստատումը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի որոշման հարցը: “Հրատապ կարգով խորհրդարանը պետք է իրազեկված լինի տեղի ունեցած, տեղի ունեցող և տեղի ունենալիք գործընթացների վերաբերյալ”,-ասաց նա:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձավ մոսկովյան իրադարձություններին՝ ասելով, որ տեղի ունեցող գործընթացներից Ազգային ժողովը ոչ միայն մեկուսացած է, այլ ընդհանրապես որևէ փորձագիտական մակարդակով տեղեկատվություն չունի դրա աշխարհաքաղաքական իմաստի վերաբերյալ:

Փաշինյանն առաջարկեց քառօրյան սկսել որևէ միջպետական պայմանագրի քննարկումով՝ հիմնական զեկուցող հրավիրելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և Սերժ Սարգսյանին, որոնք կտան անհրաժեշտ և հրատապ պարզաբանումներ:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց. “Այնպես չի, որ մենք ափալ-թափալ որևէ մեկի հետևից վազում ենք: Յուրաքանչյուր համաձայնագրի և պայմանավորվածության հիմքում պետք է ընկած լինի մեր պետության, մեր ժողովրդի շահը, և ես համոզված եմ, որ Մաքսային միությանն անդամակցելը բխում է մեր պետության շահերից: Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ դրանով Հայաստանը կորցնում է իր իշխանությունն ու ինքնորոշումը”:

Փաշինյանն էլ հավելեց, որ ցավոք սրտի Աժ նախագահի համոզվածությունը չի կիսում ՀՀ Ազգային ժողովը, քանի որ չունի համապատասխան տեղեկատվություն: “ԱԺ-ն՝ որպես ներկայացուցչական մարմին, պետք է դառնա այն օղակը, որտեղ պետք է հնչեն հանրությանը հուզող հարցերը, և համապատասխան պարզաբանումներ  տրվեն որոշումների վերաբերյալ”,-ասաց Փաշինյանը:

Աժ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, միանալով իր գործընկերների կարծիքին՝ Մաքսային միության հարցը ԱԺ օրակարգ բերելու մասով, նույնպես ասաց, հարցը պետք է անպայման քննարկվի. “Փակ ռեժիմով, թե բաց, էական չէ”,-նշեց նա:

Նրա խոսքով՝ պատմականորեն կարևորագույն ու պատասխանատու ընտրություն է կատարվում, և խորհրդարանն անմասն է դրանից: “Բավական է ուշադրություն դարձնել, թե ինչ է կատարվում միջազգային մամուլում՝ մեր պահվածքի հետ կապված, ինչ է կատարվում սոցիալական ցանցերում և ընդհանրապես մեզ մոտ, երբ չենք արտահայտվում այդ մասին, ապա կհասկանանք, որ իսկապես իրավունք չունենք լռելյայն հաստատել, արհամարհել կամ վախենալ դիրքորոշում արտահայտել այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է Հայաստանում”,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց, որ ՀՀ նախագահի լիազորությունն է համաձայնություն հայտնել Մաքսային միությանը միանալուն, իսկ Ազգային ժողովն իր լիազորությունների շրջանակներում կարծիք կհայտնի այն ժամանակ, երբ այդ համաձայնագրի վերաբերյալ փաստաթղթերը բերվեն Ազգային ժողով: Ինչու եք դու կարծում, որ Ազգային ժողովին հաշվի չեն առել, մեզ հետ հարգալից չեն վերաբերվել, Ազգային ժողովին չեն հարցրել՝ կարելի է միանալ, թե ոչ: Ժամանակը կգա՝ կհարցնեն: Ես համամիտ չեմ, որ Ազգային ժողովը մնացել է ստվերում”,-ասաց ԱԺ նախագահը:

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտնեց, որ Ազգային ժողովը մինչ այդ համաձայնությունը տալը պետք է հարցը քննարկեր: “Սա պարզ համաձայնագիր չէ երկու գյուղատնտեսության նախարարությունների միջև, սա ճակատագրական հարց է”,-ասաց նա՝ հայտարարելով, որ նման հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով:

 

 

Tags: