Վաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կհյուրընկալի Դանիայի թիմին: Եվ ահա, այսօր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Երևանի «Հրազդան» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հանդիպեց լրագրողներին:
Այն հարցին, թե ընթացիկ մրցափուլում ինչու է Հայաստանի հավաքականը տանը պարտվում, մարզիչն այն տեսակետն է հայտնեց, որ իր գլխավորած թիմը սեփական հարկի տակ ամենևին էլ վատ չի խաղում և վատ է անցկացրել միայն ամենաթույլ մրցակցի` Մալթայի հավաքականի հետ հանդիպումը:
Ինչ խոսք, միայն զարմանալ կարելի է, որ մարզիչն այդպես է մտածում, երբ Հայաստանի հավաքականը հյուրընկալելիս ոչ մի հաղթանակ չի տարել:
Նա հայտնեց, որ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի մասնակցությունը հարցական է և սպասում են թե այսօր ինչ կասեն բժիշկները: Մարզիչը լավատես է և հույս ունի, որ Օզբիլիսը սննդի թունավորումից հետո ապաքինվել է և խաղադաշտ դուրս կգա: Իսկ ահա, Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին միայն 20 օր հետո կապաքինվի: Ի դեպ, Մինասյանը հայտնեց, որ իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստները լիովին իրեն բավարար են և կարիք չի ունեցել այլ խաղացողների հրավիրելու:
Թիմի ավագի թևկապը կրելու է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ինչ վերաբերում է Դանիայի հավաքականին, ապա Մինասյանը տեղեկացրեց, որ թիմում մի շարք նոր խաղացողներ են հայտնվել, նրանք շարունակ փոխում են իրենց կազմը, և արդեն այս խաղերին Դանիայի հավաքականում վեց նորեկներ են հանդես եկել:
Tags: Հայաստանի ազգային հավաքական, սպորտ, ֆուտբոլ
