Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մկրտություն է տեղի ունեցել

2Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 4-րդ պատարագն է տեղի ունեցել, տեղեկացնում է “Հայ թերթ”ը:

Եկեղեցու վերաբացումից հետո առաջին պատարագն այստեղ տեղի էր ունեցել 2010թ.-ին՝ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ։

Պատարագը մատուցել է Պոլսո թեմի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

“100 տարի անց առաջին անգամ այստեղ մկրտություն իրականացրինք։ Հայ պապեր ու տատեր ունեցած այս մարդիկ իրենց ինքնությանը վերադառնալու որոշում էին կայացրել։ Նրանք մկրտվելով հայկական եկեղեցու անդամ դարձան։ Հայաստանից ժամանած մի բժիշկ էլ մկրտվելու ցանկություն հայտնեց, և մենք չմերժեցինք”,-ասել է Աթեշյանը։ 

Աղթամարի Սուրբ Խաչը 2007թ.–ին վերանորոգվել է Թուրքիայի կառավարության միջոցներով և բացվել է որպես թանգարան: Այնուհետ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, որ արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու և եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը:

Tags: