Իրավապաշտպան. Զինդատախազը հրապարակավ բռնաբարեց արդարադատությունը

սաքունց-ալումյանԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուդաղյանների ընտանիքի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ պարզապես ապշած է ու կարծում  է, որ սեպտեմբերի 7-ին դժբախտություն պատահեց մեր արդարադատության հետ:

«Այն անձինք, որոնք պիտի դատապարտվեին Ավետիք Բուդաղյանի սպանության համար, ազատ արձակվեցին, իսկ քննիչը բարեհաճեց որոշումը տրամադրել ինձ շաբաթ երեկոյան, երբ բոլորն արդեն գիտեին այդ մասին: Երկու օր է, փորձում եմ հասկանալ  տրամաբանությունը: Այս որոշումները ոչ մի ընդհանուր բան չունեն իրավաբանության ու տրամաբանության հետ ու ավելի շատ բժշկական բնութագրման կարիք ունեն: Ամբողջ գործի մեջ դեպքը ներկայացվել է այնպես, իբր հարձակվողները Բուդաղյաններն են եղել, իսկ Խաչատրյանները պաշտպանվել են: Հաշվի չի առնվել, որ հայտնաբերված 13 պարկուճից 11-ն արձակված են եղել Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների կողմից»,-ասաց փաստաբանը:

Իսկ Վանաձորի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Արթուր Սաքունցը ավելացրեց, որ  գործի նման ընթացքի առաջին մեղավորը զինդատախազն է. «Առաջին և գլխավոր հանցագործը Գևորգ Կոստանյանն է, ինքը հրապարակավ բռնաբարեց արդարադատությունը: Սրա հետևանքները շատ վատ են լինելու»:

 

Լարա Առաքելյան