Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուրդ Շարմազանովն ասաց, որ որևէ մեկին չպետք է զարմանք պատճառի այն, որ Հայստանը խորացնում է հարաբերություններն իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ:
Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, ապա նա նկատեց, որ Հայստանի որևէ պաշտոնյա չի հայտարարել, որ մենք հրաժարվում ենք դրանից. «Ամեն ինչ շարունակական է, և որևէ շրջադարձային բան տեղի չի ունեցել: Մենք այն կարծիքին ենք, որ պետք է շարունակենք եվրոպացի մեր գործընկերների հետ համագործակցությունը: Կարծում ենք, որ խնդրի վերջակետը դրված չէ, և ես դեմ եմ վերջակետեր դնելուն: Այսօր` 21-րդ դարում, ինտեգրացիոն գործընթացներն անընդհատ են և բխում են թե՛ մեր, թե՛ մեր գործընկերների շահերից»:
Շարմազանովը չի կիսում այն տեսակետը, որ եվրոպական կողմը կատեգորիկ մերժում կամ բացառում է Հայաստանի հետ համագործակցության շարունակումը: «Իհարկե ոչ այն տեքստով և այն տեսքով, որ եղել է մինչ այս, բնականաբար այնտեղ որոշակի խնդիրներ կան, բայց միևնույն ժամանակ Եվրոպայի հետ գործակցելու և երկխոսելու թիվ մեկ անկյունաքարը քաղաքական բարեփոխումներն են, որը մենք հաջողությամբ իրականացրել և իրականացնելու ենք: Այլևս անշրջելի է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական պետության փաստը»,-կարծում է ՀՀԿ խոսնակը:
Անդրադառնալով Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից հնչեցրած կոշտ քննադատություններին, թե հարցը նախևառաջ Ազգային ժողովում պետք է քննարկվեր, Շարմազանովն ասաց, որ Մաքսային միությանը միանալու հետ կապված շուրջ հիսուն օրենսդրական նախաձեռնություն կա, որոնք պետք է մանրամասն քննարկվեն Ազգային ժողովում, որտեղ կարող են ընդունվել կամ չընդունվել:
«Ուրբաթը չեկած, շաբաթից մի խոսեք»,-խորհուրդ տվեց Շարմազանովը` նշելով, որ քաղաքական ընդդիմությունն էլ խոսելու հնարավորություն կունենա,-ընդդիմությունը նրա համար է, որպեսզի քննադատի իշխանությանը, իսկ մենք ստացել ենք ձայն, որպեսզի իրականացնենք մեր քաղաքականությունը: Երբ որ Հայաստանի իշխանությունում կլինի քաղաքական ուժ, որը կասի, որ Մաքսային միություն չենք մտնում, որ ՕԴԿԲ-ից դուրս ենք գալիս և գնում ենք ՆԱՏՕ, էդ ժամանակ ինքը կորոշի: Իսկ մենք և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրությունների ժամանակ ասել ենք, որ մեր արտաքին քաղականության առանցքային կետերից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը, եղել է Ռուսաստանի Դաշնության հետ մեր ռազմավարական-դաշնակցային հարբերությունների խորացումը»:
Անկախ-ի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչով էին պայմանավորված «Խորը և համապարփակ Ազատ առևտրի գոտու» համաձայնագրի ստորագրման ուղղությամբ կատարվող ջանքերը, Շարմազանովն ասաց. «Իսկ ո՞ վ է ասում, որ մենք չենք պատրաստվում դա ստորագրել»:
Մեր հարցին, թե ինչպե՞ս են պտրաստվում դa անել, եթե այն հակասություն է առաաջացնում Մաքսային միությանը միանալու դեպքում, ՀՀԿ խոսնակն ասաց. «Պետք է քննարկենք, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է»:
Tags: Ազատ առևտրի գոտի, Էդուրդ Շարմազանով, Մաքսային միություն