Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Կցանկանայի Ձեզ հայտնել, որ ես ամբողջովին սատարում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի ներկայացուցիչ նշանակված դեսպան Ջեյմս Ուորլիկի Բաքու կատարելիք առաջիկա այցը: Դեսպանի նշանակումը հանդիսանում է ԱՄՆ-ի հավատարմության վճռական և միանշանակ ցուցիչը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,-ասված է նամակում:
Օբաման համոզմունք է հայտնել, որ դեսպան Ուորլիկի դիվանագիտական հարուստ փորձը և առաջընթաց ապրելու հարցում ադրբեջանական պետության ցանկությունը նոր թափ կհաղորդեն համանախագահների գործունեությանն ու խաղաղ կարգավորման գործընթացին:
«Ես կողմ եմ առաջիկա ամիսներին Հայաստանի հետ ուղիղ երկխոսության գնալու հնարավորությանը, ինչպես նաև բանակցությունների ընթացքում համանախագահների հնարավորությունների և ժամանակի օգտագործմանը ստեղծված անելանելի իրավիճակից ելք գտնելու համար: Եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է նոր ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար՝ հիմնված բանակցությունների ժամանակ սահմանված փոխզիջման սկզբունքի վրա»,-նշել է Օբաման Ալիևին ուղղված նամակում:
