Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ջեյմս Ուորլիկին: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և նրան ներկայացրել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրությունը:
Հանդիպմանը ադրբեջանցի պաշտոնյան շարունակել է հնչեցնել ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը և պնդումները, որ իրենք որևէ զիջման պատրաստ չեն: Ինչպես միշտ ադրբեջանական կողմը հայկական կողմին է մեղադրել, որ հակամարտության լուծումը հետաձգվում է:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Trend»-ը, Աբիևը «մանրամասն» տեղեկացրել է ԼՂ հակամարտության պատճառների ադրբեջանական տարբերակը և նշել, որ «չնայած, որ Հայաստանի ագրեսիայի քաղաքականությունը շարունակվում է արդեն 20 տարի», համաշխարհային հանրությունը, և հատկապես Մինսկի խումբը, հակամարտության կարգավորման համար արդյունավետ նախաձեռնությամբ դեռևս հանդես չեն եկել: «Ադրբեջանը ոչ մեկի հողերը չի գրավել, և մենք չենք պատրաստվում որևէ մեկին զիջել անգամ մի թիզ հող: Այս հակամարտության խաղաղ կարգավորման միայն մեկ ճանապարհ կա, որը կայանում է Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրեբեջանական հողերից հեռանալու մեջ: Մեզ համար այլ պայմաններ ընդունելի չեն»,-ընդգծել է ադրբեջանցի նախարարը:
