Եթե Ասադը հանձնի քիմիական զենքի պաշարները, հնարավոր է, որ ԱՄՆ-ը Սիրիայի վրա չհարձակվի

kerry Այն բանից հետո, ինչ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում խաղաղ բնակչության նկատմամբ քիմիական զենք կիրառվեց, ԱՄՆ-ը օրակարգ բերեց Սիրիայի նկատմամբ ռազմական օպերացիա սկսելու հարցը: Ահա այսօր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հանդես է եկել անակնկալ հայտարարությամբ: Վերջինս նշել է, որ եթե Ասադի կառավարությունը հանձնի իր ձեռքում ունեցած քիմիական զենքի ողջ պաշարը, ապա Սիրիա նախատեսվող ներխուժումը կարող է կանխվել:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին անգլիացի իր գործընկեր Ուիլյամ Հեյգի հետ Լոնդոնում հանդես է եկել համատեղ մամլո ասուլիսով՝ անդրադառնալով սիրիական ճգնաժամին: Քերին, հիշեցնելով իրենց կասկածների մասին, թե քիմիական զենքի կիրառման մեղավորը Ասադի կառավարությունն է, նշել է. «Մեզ հայտնի է, թե հրթիռները ուր են ուղղվել և որտեղից են արձակվել: Աշխարհը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի Սիրիայի վրա և ուղերձ հղի մյուս բռնապետներին»:

Tags: ,