Քիչ առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ միաձայն (114 կողմ ձայների հարաբերակցությամբ) ընդունեց Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Գալուստ Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Թևան Պողոսյանի և Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացրած «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:
Մինչ նախագիծը քվեարկության դնելը, հանդես եկավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց` հայտարարելով, որ իրենց խմբակցությունն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկելու նախագծին, սակայն նշեց, որ մինչև նախագծի վերջնական ընդունումը իրենք ներկայացնեն առաջարկներ, որպեսզի հնարավորինս նվազեն ռիսկերը, որպեսզի հետագայում այս օրենքը չօգտագործվի որպես մահակ` անցանկալի լրատվամիջոցների ձայնը կասեցնելու համար. «Չպետք է թույլ տալ, որ այս դատական համակարգը` իր այս մակարդակով, որոշի այս կամ այն լրատվամիջոցի բարեխղճության աստիճանը»,-ասաց նա:
Նշենք, որ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի հոդված 22.1 կետով կամրագրվի լրատվական նյութի օգտագործման պայմանների մասին, համաձայն որի `
1. Առանց հեղինակի համաձայնության եւ վարձատրության տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում իրականացվում է միայն նպատակն արդարացնող ծավալով: Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի բուն լրատվական նյութը: Վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի եւ լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը:
2. Տպագիր լրատվական միջոցներում, էլեկտրոնային կայքերում այլ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել լրատվական նյութի սկզբնաղբյուրին: Էլեկտրոնային կայքում տպագիր լրատվական միջոցների լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է: Էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ մեջբերելիս էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, ինչպես նաեւ քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի լատինատառ անվանման նշելը պարտադիր է:
3.Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի համաձայնության դեպքում: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները սահմանվում են հեղինակային պայմանագրով:
Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով դատական կարգով իր իրավունքները խախտողից կարող է պահանջել վնասի հատուցում, որը կկազմի սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը` 100.000-200.000 ՀՀ դրամ:
Օրենքի փոփոխության անհրաժեշտությունը ծագել է վերջերս` կապված բազմաթիվ լրատվական կայքերի առկայության և ազատորեն սկզբնաղբյուր հանդիսացող թերթերի տեղեկատվական և վերլուծական հոդվածները վերարտադրելու հնարավորության հետ:
Tags: Ազգային ժողով
