Որոշ պատգամավորներ բավարարված չեն Նալբանդյանի հետ փակ հանդիպումից

g_imageԱյսօր խորհրդարանում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանի փակ հանդիպումը պատգամավորների հետ: Օրակարգում եղել է Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի որոշումը։

Հանդիպումից հետո պատգամավորների մի մասն, այնուամենայնիվ, մեկնաբանել է հանդիպումը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ արտգործնախարարի պատասխաններից բոլորովին գոհ չէ. «Ոչ մի հարցի չի պատասխանել, բովանդակային որևէ տեղեկատվություն չեմ ստացել»,-ասել է նա:

Ավելի ուշ Փաշինյանը հանդիպման վերաբերյալ իր տպավորությունների մասին բարձրաձայնել է նաև նիստի ընթացքում: Նրա խոսքով՝ փակ հանդիպումն իր համար կարևոր էր հասկանալու համար, թե ինչ է իրագործում ՀՀ գործող իշխանությունը, որից հետո էլ իրենք պետք է արդեն ճշտեին սեփական դիրքորոշումը տեղի ունեցածի կապակցությամբ։ «Կարելի է երկու եզրակացություն անել՝ կամ տեղի ունեցողի մասին տեղեկությունն այնքան անբարենպաստ է, որ իշխանությունը չի կարող ներկայացնել, կամ էլ իշխանությունն ուղղակի տեղյակ չէ, թե ինչ է կատարվում այդ պրոցեսի մեջ»։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասել է, որ իրենք նույնպես չեն ստացել իրենց հարցերի պատասխանները: Ռուստամյանը հանդիպման ժամանակ փորձել է ճշտել՝  արդյոք սա նշանակում է, որ դրանով Հայաստանը հստակություն է մտցնում իր արտաքին քաղաքականության մեջ, այսինքն՝ միանում է Եվրասիական միությանը: «Եթե այդպես է, ապա խնդիրներ են առաջանում: Առաջին խնդիրն այն է, թե որտե՞ղ է մնալու Ղարաբաղը: Երկրորդ՝ ունենք ստանձնած բազմաթիվ պարտավորություններ, որոնք նոր գործընթացի տրամաբանության մեջ մտնելու պարագայում հասկանալի չէ՝ ինչ են լինելու: Երրորդ խնդիրն այն է, որ կնքելով ԵՄ ասոցացման համաձայնագիրը, որը ներդաշնակեցում է նշանակում, մասնակի՞ ենք ասոցացվելու: Արդյոք ոչ ամբողջական իմաստով ասոցացումը հետագայում վերանայելու առիթ չի՞ տալու, եթե մենք Եվրասիական միությանը որպես քաղաքական կառույցի ենք անդամակցում»:

Այս հարցերի վերաբերյալ Ռուստամյանը սպառիչ պատասխան չի ստացել, միայն արտգործնախարարի կողմից ԼՂՀ հարցի առնչությամբ է հնչել համոզիչ պատասխան, որ Մաքսային միության անդամակցության դեպքում Ղարաբաղը չի տուժի:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հանդիպումը գնահատել է բավական հրապարակային. «Նախարարն, ամենակարևորը, պատրաստակամություն հայտնեց Ազգային ժողովի հետ մշտապես քննարկել ցանկացած հարց՝ թե՛ հանձնաժողովներում, թե՛ նման ֆորմատով»,-ասել է նա:

Իր հերթին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ բավարարված չեն նրա պատասխաններից, ասել է. «Եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատասխանը, ուրեմն կարծում է, որ պատասխան չկա: Բոլոր հնչած հարցերի պատասխանները ես տվել եմ»:

Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ նշել է, որ հնարավոր է համարում Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

 

Tags: ,