Խորհրդարանում այսօր պատգամավորների հայտարարությունների ժամին ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանն անդրադարձավ ազատամարտիկներին հուզող սոցիալական խնդիրներին` հարց բարձրացնելով. “Ամենուրեք և ամեն ժամ խոսում ենք հայրենապաշտ և գաղափարապաշտ սերունդ ունենալու մասին, բայց արդյոք ազատամարտիկներին հուզող հարցերի նկատմամբ պետության այսօրվա անտարբերությունը երիտասարդ սերնդի մեջ չի սերմանելու մի այնպիսի հիվանդ հոգեբանություն, որը մեր ազգի ճակատագիրը կդնի հարցականի տակ”:
Պատգամավորը համոզված է, որ մեր ազգը հայրենիքի համար միշտ էլ կամովի մեռնելու պատրաստակամություն ունեցող ազգ է, որոնք ամենաբարձր տեսակն են ներկայացնում և հատուկ որակ են կազմում մեր հասարակության մեջ:
“Բայց փաստը մնում է փաստ, որ ինչ-ինչ պատճառներով կառավարության կողմից անտեսվում են երբեք պահանջատիրոջ դիրքերից հանդես չեկող, բայց երկրի առաջնային տերեր հանդիսացող՝ պատերազմից վիրավոր և կենդանի վերադարձած այդ տեսակի համեստ ու արժանապատվության դաշտում ամփոփվող սոցիալական պահանջները”,-ասաց նա:
Պատգամավորի կարծիքով` այսօր հարիր չէ հաղթանակած երկրին և պետությանը, որ ընդդեմ թշնամու, զենքը ձեռքն առած տղերքի նույն ձեռքերում՝ սոցիալական ինչ-ինչ պայմաններից դրդված հայտնվել են բողոքարկող ցուցանակներ: “Եվ այն տղերքի ձեռքերում, որոնց համար երբեք ընտանեկան հոգսն ու սոցիալական ծանր վիճակն առաջնային չի եղել, այլ երկրի դաժան ու ծանր օրերին էլ անգամ՝ իրենց կյանքի գնով, պայքարել են հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության ու Արցախի ազատագրման”:
Որպես Արցախյան պատերազմի մասնակից և որպես հայ մարդ` Ռուբեն Գևորգյանը կարծում է, որ ինչքան էլ այսօրվա կառավարության անդամներից շատերը հավելված են մեր հերոսական տղերքի արյամբ կռած անկախ պետականությանը, համենայնդեպս պարտավոր են լուծում տալ ազատամարիտիկների կողմից բարձրացվող բոլոր հարցերին:
“Երկրի կառավարության ուշադրության անհրաժեշտությունը ազատամարտիկներին հուզող հարցերի նկատմամբ միայն ազատամարտիկների համար չէ, այլ երկրի, քանի որ հնարավոր բոլոր դրական քայլերն այդ դաշտում եկող սերունդներին ուղղորդելու են դեպի հայրենիքի և նրան բանաձևող արժեքների գաղափարին”,-ամփոփեց նա:
Tags: Ազգային ժողով
