Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանը կորցնում է անկախության կարևորագույն ատրիբուտներ. Խ. Քոքոբելյան

arm134751630789ԱԺ հայտարարությունների ժամին “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձավ Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահի որոշմանը:

Նա հիշեցրեց, որ Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր դատապարտող հայտարարությամբ արդեն իսկ հանդես է եկել, սակայն ևս մեկ անգամ ընդգծեց, որ  բոլոր նրանք, ովքեր առաջնային են համարում Հայաստանի Հանրապետության շահն ու հետագա զարգացման կարևորությունը,  պետք է հստակ գիտակցեն, որ ՀՀ իշխանությունների նման քայլը, միգուցե պարտադրված, բայց վտանգում և հարցականի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:

Քոքոբելյանի կարծիքով` Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության անպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականությունն ու ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։

“Մենք այս գործընթացը գնահատում ենք իբրև հակասահմանադրական քայլ, քանզի  եթե մանրամասնորեն ծանոթանանք Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթղթերին և դրա գործունեությունն ապահովող հիմնական մարմիններին տրված լիազորություններին, ապա մեր այս պնդումն առավել ակնհայտ կդառնա,-ասաց նա,-մասնավորապես,  Եվրասիական տնտեսական միության և Մաքսային միության կարևորագույն մարմիններից մեկը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է՝ միասնական, մշտական գործող կարգավորող մարմին: Այս հանձնաժողովն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ, այն անդամ պետություններից որևէ մեկի կառավարությանը չի ենթարկվում և այս հանձնաժողովի որոշումները կատարման համար պարտադիր են անդամ պետությունների տարածքում: Այս հանձնաժողովը կարգավորում է մաքսատուրքերի չափը, իրականացնում է մաքսային վարչարարություն և տեխնիկական կարգավորումներ: Սահմանում է անդամ պետությունների առևտրային կարգը երրորդ պետությունների հետ: Իր ադեցությունն ունի անդամ պետությունների էներգետիկ, մակրոտնտեսական, արժութային քաղաքականության մշակման վրա: Կարգավորող դերակատարություն ունի նաև անդամ պետությունների ֆինանսական շուկայում՝ մասնավորապես բանկային, ապահովագրական, արժույթի և արժեթղթերի ոլորտում”:

Նրա խոսքով` այս ամենից հետո ակնհայտ է դառնում, թե ինչպես է Մաքսային՝ հետագայում էլ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու պարագայում սահմանափակվելու ՀՀ ինքնիշխանությունը` մեր պետությունը դնելով ուղղակիորեն կախվածության մեջ մեկ այլ երկրից, հետևաբար հակասելով նաև ՀՀ մայր օրենքին՝ Սահմանադրությանը:

Քոքոբելյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ դաշնակցային գործընկերության պարտականությունների իրականացման և ՀՀ ու ԼՂՀ անվտնագության մասին խոսակցություններին` հարց բարձրացնելով, թե յդ դեպքում ինչո՞ւ ենք մենք շրջանցում տակավին վերջերս մեր ռազմավարական գործընկերոջ կողմից այդ պարտականությունների խախտման աղմկահարույց դեպքը: “Խոսքը ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանի կողմից  մոտ 4 մլրդ դոլարի հարձակողական նշանակության սպառազինության վաճառքն է Ադբեջանին: Պարզ է, որ այդ զենքն ուղղված է  Լեռնային Ղարաբաղի և ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ-ի դեմ: Մինչդեռ, 1997թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ Կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար: Ցավով եմ արձանագրում, որ այս հարցը պետական մակարդակով արձագանք չգտավ”:

Քոքոբելյանի կարծիքով` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամենամեծ երաշխիքը կենսունակ և զարգացող պետություն ունենալն է։

 

Tags: ,